«Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններ` Ռադիկ Մարտիրոսյանին եւ Վլադիմիր Բարխուդարյանին

«Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններ` Ռադիկ Մարտիրոսյանին եւ Վլադիմիր Բարխուդարյանին 11.06.2007

Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահ լիճոմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններ հանձնեց ՀՀ ԳԱԱ նախագահ, Գերագույն Հոգեւոր խորդրդի անդամ տիար Ռադիկ Մարտիրոսյանին եւ ԳԱԱ հայոց պատմության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, Գերագույն Հոգեւոր խորդրդի անդամ տիար Վլադիմիր Բարխուդարյանին` բարձր գնահատելով նրանց ազգօգուտ ու եկեղեցաշեն արդյունաշատ վաստակը:

 

Շքանշանի հանձնման հանդիսությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ողջույնի խոսքով:

 

ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը եւ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրեցին մեծարյալների կյանքի ուղին` ընդգծելով նրանց մեծ ներդրումն ու վաստակը գիտությա  ոլորտում եւ կարեւորելով հայրենի երկրին բերած բուզում երախտիքները:

 

Մեծարյալներին գնահատանքի խոսք ասացին նաեւ ակադեմիկոսներ Նիկոլայ Հովհաննիսյանն ու Սերգեյ Համբարձումյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` մշակույթի ու գիտության գործիչների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության եւ գնահատման համար:

 

Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները եւ ընթերցվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի եւ Տ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի կողմից:

Տիար Ռադիկ Մարտիրոսյանին տրված կոնդակում ի մասնավորի ասվում է. «....Դուք անխոնջ նվիրումով, գիտական ու մանկավարժական արդյունաշատ գործունեությամբ Ձեր կեանքի ողջ ընթացքին ազնիվ ծառայություն էք մատուցում Հայրենի մեր Երկրին ու հավատաւոր ժողովրդին: Երեւանի Պետական համալսարանում Ձեր ուսումնառությունն ավարտելուց հետո Դուք մնացիք մայր կրթօջախում եւ տասնյակ տարիներ Ձեր կարողություններն ի սպաս բերեցիք համալսարանին` նախ որպէս դասախոս, ապա որպես ռեկտոր: Մենք տեղյակ ենք, թե համալսարանում Ձեր երկարամյա պաշտոնավարության ընթացքին ինչպիսի նախանձախնդրությամբ ներդրեցիք Ձեր ջանքերը, որպեսզի համալսարանը, իր կոչմանը հավատարիմ, շարունակի գիտության լույսը մատռվակել երիտասարդ հայորդյաց եւ նրանց հոգիները սնել սահակ-մեսրոպյան դպրոցից սկիզբ առնող ազգային մեր սրբազան արժեքներով:

 

Գնահատարժան է նաեւ Ձեր գիտական վաստակը Ֆիզիկայի բնագավառում եւ Ձեր ծառայությունը` Ռադիոֆիզիկայի եւ Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պատասխանատու պաշտոնում: Ձեր ղեկավարությամբ ինստիտուտի ձեռք բերած նվաճումները լայն կիրառություն են գտել մեր Երկրում` ընդգրկելով գիտության եւ արտադրության տարբեր ոլորտները:

 

Այսօր Դուք աննվազ նույն եռանդով կարեւոր ավանդ էք բերում գիտության զարգացմանը` որպէս ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Նախագահ: Ուրախ ենք, որ Ձեր քաջահմուտ ղեկավարությամբ Ազգային Ակադեմիան շարունակում է արգասավորությամբ ծառայել մեր երկրին ու ժողովրդին` բարձր պահելով հայ գիտության վարկն ու համարումը ամբողջ աշխարհում:

Հարգարժան պրն. Մարտիրոսյան, առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին: Իբրեւ անդամ Գերագույն Հոգեւոր Խորհրդի, Դուք Ձեր հարուստ փորձառությամբ ու կարողություններով Ձեր գնահատարժան օգտակարությունն էք բերում, որպէսզի Մայր Հայրենիքում եւ Սփյուռքում առավել կազմակերպված լինի եկեղեցական մեր կյանքը եւ միշտ զորավոր` հայորդյաց նվիրումն ու նախանձախնդրությունը հանդեպ ազգային եւ հոգեւոր մեր արժեքները»:

Տիար Վլադիմիր Բարխուդարյանին տրված կոնդակում ասվում է. «....Ավելի քան հիսուն տարիներ Դուք Ձեր ջանքերն ու նվիրումն էք բերում Հայոց պատմության տարբեր հարցերի լուսաբանմանը եւ նպաստում, որ մեր ժողովրդի հոգում արթուն լինեն անցյալի հիշատակներն ու արժեքները: Ձեր բազմաթիվ ուսումնասիրություններն ու հոդվածները, կազմած դասագրքերը, միջազգային գիտաժողովներում Ձեր զեկուցումները կարեւոր ավանդ են հայրենի պատմագիտությանը եւ ճանաչում են բերել Ձեզ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս:

 

Մեծ է եւ գովարժան Ձեր վաստակը երիտասարդ սերնդի կրթության գործում: Երկար տարիներ դասավանդելով Երեւանի Պետական Համալսարանում եւ բարձրագույն այլ կրթօջախներում` Դուք փոխանցում էք Ձեր ուսանողներին ոչ միայն գիտելիք, այլեւ` Ձեր հոգու սերը մեր Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ, Ձեր նվիրումը պատմական գիտությանը: Գնահատելի են Ձեր ծառայությունները նաեւ Գիտությունների Ազգային Ակադեմիայում` պաշտոնավարելով որպէս փոխնախագահ, ակադեմիկոս քարտուղար, հայոց պատմության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:

 

Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Դուք հավատավոր հոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական սիրով Ձեր մեծ ու ազնիվ ներդրումն էք բերում մեր եկեղեցական կյանքում` որպես Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ մատուցելով Ձեր ծառայությունները ի հավետ պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»:

Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալների կուրծքը զարդարեց «Ս. Սահակ- Ս. Մեսրոպ» շքանշանով:

 

Շքանշանի հանձնումից հետո երախտագիտության խոսք ասացին մեծարյալները:

 

Տիար Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում ասաց. «Մեծ պատիվ է այսօր ինձ համար Հայոց Հայրապետի ձեռքից ստանալ մեր Եկեղեցու բարձրագույն պարգեւը: Ես կարծում եմ, որ այն Վեհափառի կողմից արժանավորումն է կրթության եւ գիտության ոլորտում իմ համեստ ավանդի: Ինչ վերաբերում է իմ վաստակին մեր Եկեղեցու գործունեության ասպարեզում` այն շատ չնչին, համեստ է, եւ այս պարգեւը ես տեսնում եմ որպես պարտավորություն. պարտավորություն հետագա այն անելիքների, որ մեր մտավորականությունը պետք է կատարի մեր Եկեղեցու հետ ձեռք ձեռքի տված»: Պրն. Մարտիրոսյանը նշեց, որ մտավորականներն անելիքներ շատ ունեն. հատկապես կարիք է զգացվում մեր ժողովրդի կյանքում եւ նրա լեզվի, մշակույթի, ինքնության պահպանության գործում Եկեղեցու ունեցած մեծագույն դերի արժևորման համար ակադեմիական խորը ուսումնասիրությունների: Պրն.

 

Մարտիրոսյանը կարևորեց այն հանգամանքը, որ հատկապես վերջին շրջանում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհիվ, հնարավոր է լինում հասնել շատ խնդիրների լուծման` ի մասնավորի ընդգծելով նաեւ Եկեղեցու եւ Պետության հարաբերությունները կարգավորող օրենքի ընդունման նշանակալիությունը: «....Ես ուզում եմ կոչ անել մեր բոլոր մտավորականներին, որ այն համագործակցությունը, որ ստեղծել է մեզ համար Գարեգին Երկրորդ Հայրապետը, շատ բարձր գնահատենք եւ մեծ նվիրումով աշխատենք այն խնդիրների ուղղությամբ, որոնք այսօր հուզում են մեր Եկեղեցուն, մեր ժողովրդին եւ մեր երկրին»,եւ եզրափակեց իր խոսքը Ռադիկ Մարտիրոսյանը:

 

Տիար Վլադիմիր Բարխուդարյանն իր խոսքում փաստեց, որ 12 տարի Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ լինելու շնորհիվ իր մեջ մեծ կապ է ստեղծվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, եւ այդ կապը լավագույնս նպաստել է ըմբռնելու այն մեծագույն դերը, որ ունեցել եւ ունի մեր ժողովրդի կյանքում Հայ Առաքելական Եկեղեցին: «Հայ Եկեղեցու պատմությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայոց պատմություն: Հայ Եկեղեցու պատմությունը ստեղծելն է հայագիտական մնայուն արժեքներ` հոգեւոր, թե նյութական մշակույթի, այդ արժեքները պահպանելը եւ փոխանցելը սերունդներին»,-ասաց տիար Բարխուդարյանը եւ, անդրադառնալով հայագիտության մեջ առկա խնդիրներին, վստահություն հայտնեց, որ Վեհափառ Հայրապետը կշարունակի իր աջակցությունը բերել մեր մշակույթի եւ գիտության` այդ թվում եւ հայագիտության զարգացմանը:

Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» բարձր պարգեւը տրվում է կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի եկեղեցանվեր երախտավորներին, ովքեր շարունակողներն են դառնում Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի առաքելության: Նորին Սրբությունն իր խոսքում ասաց. «....Մենք մեզ զորեղ ենք զգում` տեսնելով մեր մտավորականությանը կանգնած մեր կողքին, մեր եկեղեցական սպասավորների հետ ծառայության մեջ` եւ հոգեւոր եւ աշխահիկ ոլորտներում:...


Եկեղեցին միշտ էլ հովանավորող է եղել մեր մշակույթին, գիտությանն ու կրթությանը: Դժբախտաբար այնպիսի ժամանակներ բաժին ընկան մեր Եկեղեցուն, որ նա չկարողացավ այդ ոլորտում առավել աջակցություն ունենալ եւ այդ առաքելությունն ամբողջականորեն իրականացնել: Եկեղեցու առջեւ խնդիր բարձրացավ վերակազմակերպելու եւ վերակառուցելու հոգեւոր կյանքը: Փառք Աստծո, այսօր Եկեղեցու համար զգալիորեն լուծվել են շատ խնդիրներ, եւ մենք աստիճանաբար Աստծո օրհնությամբ եւ օգնականությամբ պիտի կարողանանք վերադարձնել Եկեղեցուն այդ պատվավոր տիտղոսը` հովանավոր հայ գիտության, կրթության եւ մշակույթի»: Նորին Սրբությունը ուրախություն հայտնեց, որ նման բարձր շքանշանով զարդարում է մեր ժողովրդի ու Եկեղեցու երկու արժանավոր զավակների կուրծքը, վերստին բարձր գնահատեց նրանց` հայ ժողովրդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ արդյունաշատ գործունեության միջոցով ցուցաբերվող նվիրումը, սերն ու հավատարմությունը եւ նրանց հսկայական վաստակը մեր մշակույթի ու գիտության անդաստանում:

 

Հանդիսության ընթացքում արեւմտաեվրոպական եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով ելույթ ունեցավ մեներգչուհի Ծովինար Ամիրյանը: